National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.11.2008
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը օտարերկրյա դեսպանությունների եւ ներկայացուցչությունների կրթական կցորդների հետ
Նոյեմբերի 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով Ազգային ժողովում էին Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների եւ ներկայացուցչությունների կրթական հարցերով կցորդները:  Հանդիպման մասնակիցներին  ողջույնի խոսք ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Ազգային ժողովը, որպես մեր երկրի բարձրագույն  ներկայացուցչական օրենսդիր մարմին, իր դերակատարությունը ամրապնդելու եւ զարգացնելու ծրագրեր ունի ոչ միայն Հայաստանի հասարակության եւ հանրության շրջանակներում, այլեւ՝ միջազգային համագործակցության հարթակում։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նախաձեռնությունը Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների եւ մեր երկրի օրենսդիր մարմնի ենթակառուցվածքների միջեւ համագործակցության առաջին համակարգային քայլն է։
 
Մեր անկախության ձեռքբերման առաջին օրից բազում երկրներ իրենց կրթական եւ մշակութային ծրագրերով նպաստել եւ նպաստում են Հայաստանում համապատասխան ոլորտների զարգացմանը՝ հայ հասարակությանը հաղորդակից դարձնելով եվրոպական եւ միջազգային հանրությանը։ Այս ընթացքում հազարավոր հայաստանցիներ մասնակցել են բազմազան միջոցառումների, ստացել են բազմաթիվ միջազգային կրթաթոշակներ, մեր երկրում հյուրախաղերով հանդես են եկել բազում ստեղծագործական խմբեր, անց են կացվել մշակութային  տարատեսակ փառատոններ։
 
Ազգային ժողովն իր այս նախաձեռնությամբ համագործակցության եւ համատեղ աշխատանքի ձեռք է մեկնում մշակութային, կրթական եւ գիտական ծրագրեր իրականացնող եւ այդ ոլորտներում հետաքրքրություն ունեցող՝ Հայաստանում հավատարմագրված  օտարերկրյա դեսպանություններին։

Վստահ եմ, որ Ազգային ժողովի ներկայացուցչական դերակատարությունը միջազգային ասպարեզում է՛լ ավելի կամրապնդվի նմանատիպ փոխգործակցության մեխանիզմների ներդրման շնորհիվ:

Որպես ԱԺ նախագահ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը հետայսու նույնպես աջակցել հումանիտար ոլորտում ծրագրերի իրականացմանն ու  Ազգային ժողովի ներգրավմանն այս գործընթացներում։
 
Այս հանդիպումը համարենք Ազգային ժողովի եւ ձեր միջեւ փոխշահավետ եւ արգասաբեր համագործակցության մեկնարկ՝ հանուն մեր հասարակությունների միջեւ քաղաքակրթական  երկխոսության, մշակութային եւ կրթական փոխգործակցության զարգացման»։

   
Ապա հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ողջունելով հյուրերին, նշեց, որ խորհրդարանն այսօր իր առջեւ խնդիր է դրել աջակցել այն բազմաթիվ ծրագրերին, որոնք իրականացնում են Հայաստանում գործող դեսպանությունները: Նշելով, որ հումանիտար ոլորտի հարցերով խորհրդարանում զբաղվում է իր ղեկավարած հանձնաժողովը, Արմեն Աշոտյանը օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց կրթամշակութային աջակցության համար եւ առաջարկեց խորացնել եւ սերտացնել կրթամշակութային շփումներն ու համագործակցությունը: Նա վստահեցրեց, որ ծրագրերի իրականացման գործում խորհրդարանը կցուցաբերի անհրաժեշտ աջակցությունը, ընդհուպ  ֆինանսական, ինչը  հավաստեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Պարոն Աշոտյանը ներկայացրեց նաեւ հանձնաժողովի կազմը եւ գործունեության ոլորտները:
 
Հյուրերից ելույթ ունեցավ Վրաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ Նինո Ափցիաուրելին: Նա առաջարկեց հանձնաժողովին` նպաստել երկու երկրների մշակութային կապերի սերտացմանը եւ խորացմանը: Առաջարկ եղավ նաեւ Հայաստանում անցկացնել վրացական մշակույթի օրեր 2009-ի մարտին, ինչը սիրով ընդունեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am